- Գլխավոր
- Նորություններ
- Կայացավ դպրոցի առաջին դասընթացը
Կայացավ դպրոցի առաջին դասընթացը
Ռադիոլոգիայի հայկական դպրոցում կայացավ առաջին դասընթացը՝ նվիրված փոքր կոնքի ՄՌՇ հետազոտությանը:
Եռօրյա դասընթացն անցկացրեց բ.գ.թ. ճառագայթաբան Իրինա Տրոֆիմենկոն:
Դասախոսը մասնակիցներին փոխանցեց երկարամյա աշխատանքում կուտակած փորձն ու գիտելիքները: Մթնոլորտը գիտական էր, հագեցած ակադեմիական նյութերով, ինտերակտիվ հարցուպատասխանով: Մասնակիցների հետ ուսումնասիրվեցին տասնյակ կլինիկական դեպքեր:
Եռօրյա ուսումնառության ընթացքում նրանք սովորեցին.
- տարբերակել ֆունկցիոնալ նորման ախտաբանական փոփոխություններից
- կառուցել ՄՌ-հետազոտության ուղեցույցը ըստ ներկայացված կլինիկական հարցադրման` չմոռանալով, որ ժամանակը «ոսկի» է
- կազմել գինեկոլոգի համար հասկանալի և օգտակար եզրակացություններ։
Դասընթացի ավարտին Ռադիոլոգիայի դպրոցի տնօրեն Կոստան Գալումյանը և դասընթացավար Իրինա Տրոֆիմենկոն մասնակիցներին շնորհեցին ավարտական դիպլոմներ:
Ռադիոլոգիայի դպրոցի մեկնարկային դասընթացը հաջողությամբ կազմակերպելու և իրականացնելու համար շնորհակալություն ենք հայտնում դասախոս Իրինա Տրոֆիմենկոյին, Ռադիոլոգիայի դպրոցի տնօրեն Կոստան Գալումյանին, դպրոցի կրթական ծրագրերի պատասխանատուներ Գայանե Այվազյանին, Մարիաննա Հարությունյանին և անձնակազմին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին:
Անչափ ուրախ ենք, որ դպրոցի առաջին ծրագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ռադիոլոգների շրջանում: Շտապենք տեղեկացնել, որ այս դասընթացը ներառված է նաև հաջորդ տարվա՝ 2023թ.-ի ծրագրացանկում: Ուստի բոլոր հետաքրքրվողներին հորդորում ենք հետևել մեր նորություններին, որպեսզի տոներից հետո հասցնեք ամրագրել ձեր տեղը հունվարի 16-ից մեկնարկող դասընթացին:
Դպրոցը բաց է առաջարկների և քննարկումների համար: Մեզ հետ կարող եք կապ հաստատել +374 77 537 501 հեռախոսահամարով և [email protected] էլեկտրոնային հասցեով: